-Պապի, էս գետի անունն ի՞նչ է:
-Վանաձոր գետակ:
-ՈՒ՞ր է գնում:
-Գնում, խառնվում է Տանձուտ գետին:
-Հետո՞:
-Հետո՝ Փամբակին:
-Հետո՞:
-Ձորագետին:
-Հետո՞:
-Հետո՝ միասին դառնում են Դեբեդ, գնում, խառնվում են Քուռին:
-Բա հետո՞:
-Քուռը հոսում, թափվում է Կասպից ծով:
-Դա որտե՞ղ…
-Ադրբեջան:
-Պապիկ, տես, Վանաձոր գետակն իր հետ հող ու քարեր է տանում:
-Հա, բալես, հենապատերն ամուր չեն, հող ու քարեր է պոկում, տանում:
-Պապիկ, մեր հողն ու քարերը գնում են Ադրբեջա՞ն…
-Գնում են:
-Բա ինչու՞ հենապատերը չենք ամրացնում:
-Տեր չկա:
-Ի՞նչ է տերը:
-Կմեծանաս՝ կիմանաս:
-Արդեն գիտեմ:
-Դե ասա, տեսնեմ, ի՞նչ է տերը:
-Տերն այն է, որ չի թողնում, որ մեր հողն ու քարերը հոսեն Ադրբեջան։
Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ